26/08/2024 22:12
Երեխայի համար խաղալիք ընտրելու կանոններ՝ մանկաբույժից
Երեխայի զարգացումը գրագետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ նա ծանոթանա իրեն շրջապատող աշխարհին՝ օգտագործելով բոլոր զգայարանները։ Այստեղ ծնողներին օգնելու են գալիս տարբեր տեսակի զարգացնող խաղերը, սակայն ունենալով ընտրության լայն հնարավորություններ, ծնողները հաճախ թույլ են տալիս սխալներ, որոնք կարող են հակառակ ազդեցությունն ունենալ երեխայի հոգեֆիզիկական և մտավոր զարգացման վրա։
Wigmore Clinic-ի մանկաբույժ Սեդա Հարությունյանը ներկայացնում է երեխայի համար խաղալիք ընտրելու և անվտանգ միջավայր ստեղծելու հիմնական կանոնները:
Խաղալիքները երեխաների զվարճանքի ամենասիրելի միջոցներն են: Դրանք ունեն որոշակի ֆունկցիաներ՝ հանգստացնող, ուսուցանող, զվարճացնող, հմտություններ զարգացնող և այլն: Բայց կան խաղալիքներ, որոնք կարող են լինել շատ վտանգավոր, նույնիսկ՝ երեխայի կյանքին սպառնացող: Ուստի խաղալիք ընտրելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել որակի վրա:
Մանկաբույժի խոսքով, խաղալիքները պետք է.
Լինեն տարիքին համապատասխան. անհրաժեշտ է հետևել տարիքային հանձնարարականներին, դրանք վերաբերում են խաղալիքի անվտանգությանը և ոչ թե երեխայի ինտելեկտին և հնարավորություններին: Մանր դետալներ պարունակող խաղալիքները նախատեսված չեն մինչև 3 տարեկան երեխաների համար՝ ասպիրացիայի՝ շնչուղիների փակում օտար մարմնով, ինչպես նաև ականջ, քթանցքեր չտանելու առումով:
Չունենան սրածայր եզրեր՝ տրավմաներից խուսափելուհամար, չլինեն այրվող և թունավոր, օրինակ՝ կապար նյութերից, չարձակեն կայծեր՝ հիմնականում աչքերի լուրջ վնասվածքների կանխման նպատակով, չպարունակեն փրփուրներ:
Կարևոր է, որ ընտրված խաղալիքները չունենան մանր մագնիսային բաղադրիչներ. մեկից ավելի մասեր կուլ տալու դեպքում դրանք կարող են երեխայի օրգանիզմում, այսպես ասած, ձգել իրար և մահացու հետևանքներ պատճառել։
Չունենան պարաններ, լարեր, առկայության դեպքում՝ չգերազանցեն 10 սմ-ը - քանի որ կարող են առաջացնել պարանոցի օղակում, ավելի երկար լարերի դեպքում՝ մարմնի այլ մասերի փաթաթում դրանցով:
Պետք է խուսափել
Օգտագործված խաղալիքներից՝ դրանք կարող են մաշված լինել, հեշտ կոտրվել և վնասվածքի պատճառ դառնալ, իսկ ինչն ամենակարևորն է՝ դրանք փաթեթավորված չեն և չկան անվտանգության կանոնների մասին հրահանգներ:
Տարբեր տարիքային խմբերում գտնվող երեխաների՝ միասին նույն խաղալիքներով խաղալուց, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ավելի փոքր տարիքում գտնվող երեխայի անվտանգության կանոններին:
Փափուկ խաղալիքների օգտագործումից մինչև 12 ամսական երեխաների դեպքում՝ հատկապես քնած ժամանակ, քանի որ դրանք կարող են մանկան հանկարծամահության պատճառ դառնալ:
Մեկից ավելի մարտկոցով աշխատող խաղալիքների մարտկոցները պետք է փոխել միաժամանակ, քանի որ հնի և նորի միաժամանակյա օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել:
Կոճակի նման մարտկոցներով աշխատող խաղալիքների դեպքում պետք է համոզվել, որ մարտկոցն ապահով ֆիքսված է, քանի որ այն երեխայի կողմից պատահական կուլ տալը կարող է կյանքի համար վտանգավոր լինել։
1,5 տարեկանից սկսած՝ երեխաներին պետք է սովորեցնել հավաքել խաղալիքները՝ խաղն ավարտելուց հետո:
Նոր խաղալիքն առաջին անգամ օգտագործելը պետք է լինի ծնողի ներկայությամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ