26/08/2024 09:51
Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին․ Փաշինյանի կենցաղը, հոբբին բոլոր հարթակներով ներկայացվում են, պետության կարևորագույն հարցերին մակերեսային անդրադարձ է արվում
Մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էր դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը ևս մեկ անգամ առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:
«Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:
Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ, և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:
Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել են սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:
Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում են, սակայն այն, ինչ վերաբերում է պետության կարևորագույն հարցերին, դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա»: