26/08/2024 15:33
Շունը նստել է մեր տան դիմաց, կարծես, մեզ է սպասում․ ստեփանակերտցիները շարունակում են ճանաչել իրենց օկուպացված տները
Ադրբեջանական Տելեգրամ ալիքները շարունակում կարճ տեսանյութեր հրապարակել օկուպացված Արցախից։ Հերթականը հրապարակվեց երեկ Ստեփանակերտի Գարեգին Նժդեհ փողոցից։
«Սիրտս կտոր-կտոր է եղել ոչ թե նրա համար, որ տեսել եմ ադրբեջանցիները կոտրել են մեր տան կողպեքն ու դուռը, այլ նրա, որ տեսանյութում շունը նստած է մեր տան դիմաց, կարծես մեզ էր սպասում»,- MediaHub-ին ասել է Ստեփանակերտի բնակիչ Մարինե Մուսայելյանը։
Արձագանքելով տեսանյութին՝ արցախցի օգտատերերը սոցիալական հարթակներում իրենց զայրույթը, միաժամանակ մտահոգությունն ու կարոտն են արտահայտել։ Մարինեն պատմել է, որ այդ շունն իրենցը չէ, բայց ամեն օր գալիս ու խաղում էր իր երեխաների հետ։ Իրենք էլ կեր են տվել, խնամել։
«Մեր թաղի շունն էր, ամեն օր գալիս էր ու խաղում երեխաների հետ։ Սովոր էր միշտ նստել մեր տան դիմաց։ Երբ տեսա տարածվող տեսանյութը, տունս այնքան իմ աչքին չի երևացել, որքան շունը, որը բավականին մեծացել էր։ Այդ վիդեոն հավատարմության ու ցավի մասին է։ Ես ուշադրությամբ նայել եմ տեսանյութը. տան կողպեքը ջարդել են, վարագույրները հանել։ Արդեն պարզ է, որ տնից ոչինչ չի մնացել, ամենը թալանված է։ Ամուսինս լուսանկարիչ է։ Վերջին տարիների վաստակած գումարը ներդրել ենք տան վերանորոգմանն ու կահավորմանը։ Ամեն ինչ ունեինք, մանավանդ, որ դրանք նոր էին ու թարմ»,- ասել է Մարինեն։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները, նկարելով Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը, ունեն մեկ նպատակ՝ ցավացնել տեղահանված ու աշխարհի տարբեր անկյուններում ապաստանած արցախցիների սիրտը։
«Ու, այո՛, դա հաջողվում է իրենց։ Մի կողմից ուզում ենք տեսնել մեր տները, մյուս կողմից տառապում ենք, երբ տեսնում ենք դռներ-պատուհանները բաց, ամեն ինչ ավիրված ու թալանված»,- հավելել է արցախցի կինը։
Ստեփանակերտից մի տեսանյութ այստեղ: