26/08/2024 12:16
Իրավունքի պաշտպանության ամառային դպրոցը Գոշավանքում ավարտեց իր առաջին դասընթացը․ Լուսանկարներ
Օգոստոսի 25-ին ավարտվեց «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կողմից Գոշավանքում կազմակերպված ամառային դպրոցը։ Ծրագրի գործընկերներն էին Ամերիկայի հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association), Ռուսաստանի հայ իրավաբանների միությունը (Ассоциация армянских юристов), և Հայ-գերմանական իրավաբանների միությունը (Deutsch-Armenischen Juristenvereinigung)։
Հնգօրյա ծրագրի շրջանակներում ուսանողները ունկնդրեցին իրավապաշտպանությանը վերաբերող դասախոսություններ, մասնակցեցին գործնական պարապմունքների ու դատախաղի։
Ծրագրի ամփոփման ժամանակ դատախաղի ժյուրին (2011-2023թթ. դատավոր Դավիթ Հարությունյան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյան, իրավապաշտպան Արսեն Բաբայան) հայտարարեց դատախաղի հաղթողներին, ինչպես նաև ներկայացրեց խնդրո առարկայի վերաբերյալ մասնագիտական նկատառումներ։
Հրաժեշտի խոսքում Գոշավանքի վանահայր Տեր Թադևոս քահանա Թադևոսյանն ամառային դպրոցի մասնակիցներին հորդորեց հետևել Մեծ վարդապետի՝ Մխիթար Գոշի օրինակին և մշտապես ձգտել արդարության։
Կազմակերպիչները ցանկություն հայտնեցին, որ հաջողված փորձի հիման վրա՝ ծրագիրը դառնա շարունակական, ինչպես նաև հույս հայտնեցին, որ այն օրինակ կդառնա մասնագիտական այլ ոլորտների համար։
Ամառային դպրոցն ուներ թե՛ մասնագիտական և թե՛ հայրենաճանաչողական ու պատմաճանաչողական բնույթ։ Դասընթացները բաց էին Գոշավանքի այցելուների համար։ Շատ այցելուներ ունկնդրում էին դասախոսությունները և նույնիսկ մասնակցում քննարկումներին։