26/08/2024 11:53
Ժամանակն ամեն ինչ կապացուցի, Հիսուս Քրիստոսի արձանը լինելու է մեր երկրի ճանաչման, հզորացման հրաշալիքներից մեկը. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնող և հովանավոր Գագիկ Ծառուկյանը հետևել է արձանի կառուցման աշխատանքին։ Քրիստոսի մոնումենտալ արձանը կառուցվում է երեք կտորից։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ նման մոնումենտալ արձան-համալիրի կառուցման միտքը հղացել է, որ հայը ներկայացվի որպես պետականորեն առաջինը Քրիստոնեությունն ընդունած ազգ։
«Մենք պետք է խեղճ չմնանք, որ բոլորն իմանան, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որը Քրիստոնեությունն առաջինն է ընդունել։ Մեզ ճանաչելիություն է տալու, հզորություն է տալու»,-ասաց նա։
Անդրադառնալով քննադատություններին՝ Ծառուկյանը նշեց, որ ինքը դրանց ևս նորմալ է վերաբերում։
«Աշխարհում ամենալավ ծրագիրն էլ, որ անում են, միևնույն է, լինում են մարդիկ, որոնք քննադատում են՝ դեմ են կամ կողմ են, ձեռնպահ են։ Ժամանակն ամեն ինչ կապացուցի, կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման հրաշալիքներից մեկը։ Նրանք, ովքեր քննադատում են, հետո կհասկանան, քննադատությունն էլ նորմալ է, միայն չարախոսությունը չեմ ընդունում»,-ասաց նա։
Ծառուկյանը հիշեցրեց, որ Էֆելյան աշտարակի կառուցումն էլ մեծ քննադատությունների է արժանացել, իսկ այօր աշխարհի հրաշալիք է։
Դիտարկմանը, թե մինաշանակ չէր նաև Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ քննարկել են նաև Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, ինչպես նաև Արամ Վեհափառի։
«Ես սա կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ որպես մշակութային կենտրոն, որպես քրիստոնյա ազգ։ Եթե ես եկեղեցի կառուցեի, դնեի եկեղեցում, դա այլ բան, բայց սա ուրիշ է, ես հավատով մարդ եմ, կառուցել եմ 7 եկեղեցի, 20-ից ավելին վերակառուցել եմ, որտեղ ինչ-որ հարց է եղել, աջակցում եմ»,-ասաց նա։
Ծառուկյանն ասաց, որ այս արձանը կարող է տուրիստների մեծ հոսք ապահովել երկիր․ «Եթե մեր երկիր տարեկան 5-10 մլրդ մարդ գա-գնա, 5-10 մլրդ գումար մնալու է երկրում»։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դիրքորոշմանը՝ Ծառուկյանն ասաց՝ գիտեն, որ հնավայր է, կան ամրոցներ, և պայմանավորվել են, ուսումնասիրում են, ասել են, որ պատրաստակամ են դրանք վերակառուցել։ «Դրանք ևս մեծ պատմություն են, կգան, դա էլ կտեսնեն, սա էլ»,-ասաց նա։