27/08/2024 21:06
Ադրբեջանը, Թուրքիայի հովանավորությամբ, կրկին վերջնագիր ներկայացրեց՝ «խաղաղության» պայմանագիր կլինի, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը
Ադրբեջանը հերթական անգամ նախապայման է առաջ քաշել՝ պնդելով, թե «խաղաղության» գործընթացի խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է, ուստի այն պետք է փոխվի։ Այս անգամ ադրբեջանական կողմը պնդել է, թե ՀՀ սահմանադրությունում «տարածքային պահանջներ կան»՝ ուղղված ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ։
«Չնայած նրան, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կա, և խաղաղության համաձայնագրի զգալի մասը համաձայնեցված է, «տարածքային պահանջներն» Ադրբեջանի նկատմամբ դեռ պահպանվում են Հայաաստանի սահմանդրությունում և այլ իրավական ակտերում։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը «տարածքային պահանջներ ունի» նաև Թուրքիայի նկատմամբ։ Այժմ խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու հիմնական խոչընդոտն են հանդիսանում «տարածքային պահանջները» մեր երկրների նկատմամբ, որոնք ձևակերպված են Հայաստանի սահմանադրությունում»,- Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է Բայրամովը։