27/08/2024 16:15
Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի պահվող զենքի հայտնաբերման միջոցառումները
Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։
Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ ընդգծելով հանցավորության դեմ պայքարի արդյունքները, իսկ առկա բացթողումներն ու թերացումները վերացնելու ուղղությամբ հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա հետևողական աշխատանքը:
2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության կազմակերպման հարցերին՝ նշելով, որ հանրապետությունում սեպտեմբերի 2-ից անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» տասնօրյա միջոցառումը։
Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ուսումնական հաստատությունների և դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տրանսպորտային միջոցների և հետիոտների անխափան երթևեկը։
Անդրադառնալով համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետն ընդգծել է նոր ձևավորվող ստորաբաժանումների կայացման գործընթացում յուրաքանչյուր ծառայողի դերակատարումը՝ կարևորելով գործելաոճի, փորձի փոխանակման և կադրային համալրման վերաբերյալ հարցեր։
Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է նաև ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրաշրջանառության դեպքերի և այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հետևողական միջոցառումները:
Քննարկվել են նաև ծառայողական կարգապահության, ատեստավորման գործընթացի և օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։