27/08/2024 09:48
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչև տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության և զարգացման հիմնադրամի Երևանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետև 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD Հունաստանի խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես ԵԽ TACIS ծրագրի Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ. ծրագրի շրջանակում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում:
1993-1995 թվականների զբաղեցրել է Olympia, Inc. (U.S.A.)-ի, Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը: Նույն՝ 1995-ից մինչև 1997 թվականները Դավոյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի թարգմանիչն է եղել:
2001-ից 2008 թվականներին նա նաև զբաղվել է դասավանդմամբ. Մոսկվայի պետական տուրիզմի և սերվիսի համալսարանի Երևանի մասնաճյուղի ավագ դասախոս է եղել, դասավանդել է անգլերեն, «Մարդու պահանջմունքներ և կապ հասարակայնության հետ» (PR) առարկաները:
Կարինե Դավոյանը 2013-2018 թվականներիին եղել է Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության գործադիր տնօրեն, այնուհետև 2018-2019 թվականներին Հայաստանի տուր օպերատորների և տուր գործակալների ասոցիացիայի հիմնադիր, իսկ 2019-ից մինչև 2023 թվականները՝ «Ալիք մեդիա Հայաստան»-ի միջազգային լուրերի թարգմանիչ:
Վարչապետի օգնականը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 25-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում Երևանում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը եղել է ժառանգություն 2015 թվականից: Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է: Դավոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, սակայն հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 427 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 541 հազար դրամ, որից 8 մլն 972 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 568 հազար դրամը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը»։