28/08/2024 14:36
Սահմանադրությունը խաթարվել է, և ՍԴ դատավորին առաջադրվել է մեղադրանք՝ առանց սահմանադրական երաշխիքների. Հրայր Թովմասյանի փաստաբան
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը:
Լրագրողների հետ զրույցում Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ պաշտպանական ճառերի փուլ են մտել, չնայած առկա էր դատարանին բացարկ հայտարարելու միջնորդություն:
«Բացարկի միջնորդություն հայտնելու հիմքերը բխում էին նախորդ նիստերին տեղի ունեցած հանգամանքներից, որոնք իմ բացակայության ժամանակ տեղի էին ունեցել: Սակայն դատարանը որոշում ընդունեց, որ միջնորդությունը պետք է ճառից հետո ներկայացվի: Ներկայացրեցի ճառը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե արհեստականորեն հետաձգում ենք, հրաժարվում ենք ճառ ներկայացնելուց», - ասաց Օրբելյանը:
Օրբելյանը, անդրադառնալով իր ճառին, նշեց, որ շեշտել է՝ ՀՀ Սահմանադրությունը խաթարվել է և ՍԴ դատավորին առաջադրվել է մեղադրանք՝ սահմանադրական երաշխիքների չպահպանմամբ. «Նշեմ նաև, որ Սահմանադրական դատարան չի դիմվել, չնայած որ պետք է ստանային ՍԴ-ի համաձայնությունը: Հրայր Թովմասյանի նկատմամբ պետք է գործեն 2005 թվականի երաշխիքները»:
Խոսելով բացարկի հիմքերի մասին՝ Օրբելյանը նշեց, թե դրանցից մեկը այն է, որ տեղեկություններ են պտտվում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսյանի հետ թաքնված օրակարգեր ունենալու մասին. «Ինչքանով է դա ճիշտ՝ չեմ կարող ասել, քանի որ ստույգ տեղեկություններ չունեմ: Բայց հենց դրա համար էլ բացարկի միջնորդություն է, այլ ոչ թե հանցագործության մասին հաղորդում, քանի որ երկրորդի համար հիմքերը շատ ավելի հստակ պետք է լինեն: Մենք որոշակի միտում ենք տեսնում այս գործընթացն արագացնելու»: