28/08/2024 10:19
Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներից Աշոտ Կնյազյանը
Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահվան դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում բանտի աշխատակիցները նկատել են, որ խցում պահվող դատապարտյալ 64-ամյա Աշոտ Կնյազյանը մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ Գ. Շամշյանի՝ Ա. Կնյազյանը ցմահ դատապարտյալ է եղել:
ArmLur.am-ի տեղեկություններով էլ՝ մահացածը հոկտեմբերի 27-ին մեր պետության դեմ Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության մասնակիցներից է, ով 20 տարի հետո մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին, սակայն, դատարանը մերժել էր։
Լրատվամիջոցը նշում է, որ քրեակատարողական ծառայությունը հաստատել է ArmLur.am-ին հասած լուրը։