28/08/2024 20:14
Ուկրաինայում հայտարարել են՝ ԱՄՆ-ն երբեք էլ չի ցանկացել իրենց ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում
Միացյալ Նահանգները ոչ նախկինում է ցանկություն ունեցել, ոչ էլ այժմ է ցանկանում Ուկրաինան դարձնել ՆԱՏՕ-ի անդամ, հայտարարել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Սերգեյ Ռախմանինը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչները դեռևս 1990-ականներից բազմիցս ասել են Կիևին, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին հարց իրենց օրակարգում չկա։
«Մեր ամերիկացի բարեկամները մեզ ասել են՝ ինչպես էլ դասավորվեն մեր հարաբերություններն ապագայում, Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու, Ուկրաինայում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու կամ Ուկրաինան ԱՄՆ-ի միջուկային հովանու տակ առնելու հարցը չի քննարկվում, և դա ասվել է ոչ մեկ անգամ»,- ասել է Ռախմանինը՝ «РБК-Украина»-ին տված հարցազրույցում։
Այն մասին, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում, ուկրաինական իշխանություններին ուղիղ հայտարարել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի ներկայացուցիչները՝ պաշտպանության նախարարը, պետքարտուղարը և նրա տեղակալը, հավելել է Ռախմանինը։
«Պիտի օբյեկտիվ լինել, և եկեք ազնիվ գտնվենք՝ նրանք մեզ հիմա էլ ՆԱՏՕ-ի կազմում չեն տեսնում»,- ասել է նա։