28/08/2024 09:39
«Հրապարակ». Չի բացառվում՝ առաջիկայում դեսպանների փոփոխություն լինի․ ոմանք կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Դիլիջանում մեկնարկել է արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը: Երկօրյա հավաքի մեկնարկին ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և մարտահրավերներին: «Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ»,- ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Վարչապետի աշխատակազմը մանրամասներ չի հաղորդել տեղի ունեցած քննարկումից, Փաշինյանի ելույթն էլ չեն տարածել, նույնիսկ հատվածաբար չեն տեղադրել համացանցում: Մինչդեռ նախկինում միշտ հեռարձակվել է երկրի ղեկավարի ելույթը: Մեր աղբյուրները պատմում են, որ Փաշինյանը նախ ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը և Հայաստանին սպասվող մարտահրավերները, ապա, մեղմ ասած, դեսպաններին կանգնեցրել ընտրության առաջ` ուղիղ տեքստով ասելով, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, ուստի երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու, նրանք, ովքեր հավատավոր զինվորի պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները և չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել և հեռանալ։ Մեր աղբյուրը չի բացառում, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի, ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։
Ի դեպ, ի տարբերություն Փաշինյանի, Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը ծավալուն հաղորդագրություն տարածեց նախագահի ելույթի մասին, որում ասվում է. «Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանը, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով»»։