28/08/2024 19:09
Երեք հոգով մտել են ռեստորան, հարվածել ու վայր են գցել պահակին, դրամարկղը կոտրել են ու հափշտակել գումար
Քննչական կոմիտեից տեղեկացնում են․
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել են «Վասաբի» ռեստորանից ավազակությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը:
Քննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ Արարատի մարզի 24 և 23-ամյա երեք բնակիչները, խմբի կազմում խոշոր չափերով գույք ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2024 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, դեմքերը բժշկական դիմակներով քողարկված, գնացել են Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Վասաբի» ռեստորան:
24-ամյա երիտասարդներից մեկը, հարվածելով ռեստորանի պահակի դեմքին՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի պատճառով վերջինս աստիճաններով գլորվել է ներքև՝ ստանալով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Այնուհետև երեքով ապօրինի մուտք են գործել ռեստորան, որտեղ մյուս երկու երիտասարդները, մետաղյա առարկայով վնասելով դրամարկղը, հափշտակել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և հեռացել՝ հափշտակված գումարը հետագայում բաժանելով միմյանց միջև:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ և 7-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն հետագայում, դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է և ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։
Նախաքննություն ավարտվել է և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»։