28/08/2024 10:11
«Ժողովուրդ». Արտոնյալ հարկատու «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության և բնակարանաշինության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այս պահին իրականացնում է Երևանում գտնվող 14 և Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։
Բացի սրանից՝ արտոնյալ հարկատու հանդիսացող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ՝ մասնավորապես արտադրելով բետոն, բազալտի խճաքար, գետի խճաքար, գետի ավազ, գետի ավազ՝ լվացված, պերլիտային ավազ, լիթոիդային պեմզա, հրաբխային խարամ, կրաքար։ Այսինքն՝ ինքնաբավ շինարարության համար գրեթե ամեն ինչ. սպառողին է մատուցում 9 տեսակի արտադրանք։ Թվում է, թե կատարյալ աշխատող ընկերություն է, սակայն ՍՊԸ-ն մի քանի անգամ ազատվել է մաքսատուրքից: 2018 թվականի հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն։
Ոլորտը մենաշնորհ դարձրած ՍՊԸ-ն այնպես է ֆինանսները շրջանառում, որ, ըստ որոշ տեղեկությունների, բնակելի համալիրների կառուցման համար բացառապես իր կողմից արտադրած հանքանյութն ու քարերն է օգտագործում։
Նախկին պաշտոնյան շարունակում է մնալ իշխանության սերտ օղակը՝ վերջինիս կողմից պարբերաբար արժանանալով հաճոյանքի և գովեստի, սակայն Երևանում օդի աղտոտվածության, փոշու, կեղտի պատճառը հաճախ հենց շինհրապարակներում նորմերին անամապատասխան պայմաններով իրականացվող շինաշխատանքներն են, երբ մի ընկերության կողմից 14 բնակելի համալիր է կառուցվում, իսկ փոշին և կեղտը շնչում են հասարակ քաղաքացին, երեխան։
Հավելենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թիվս այլ կազմակերպությունների, նաև «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)»։