28/08/2024 13:13
Հրայր Թովմասյանի մասով եղել է ոչ թե արդար դատաքննություն, այլ գործ է «կարվել». Օրբելյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կենտրոնի նստավայում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:
Պաշտպան Արամ Օրբելյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով:
Նա նշեց, որ արդեն 4.5 տարի է՝ քննվում է Հրայր Թովմասյանի գործը. «Այն քրեական գործ է, որը չէր կարող հարուցվել և ապօրինի է: Դատավարության ընթացքում դատավարական գործընթացները տեղի են ունեցել, ընդհանուր առմամբ, Քրեական օրենսգրքի շրջանակներում մի շարք խախտումներով։
Նախագահողը չի կարող համարվել օրինական, քանի դեռ չի քննարկվել իմ բացարկի միջնորդությունը և դրա վերաբերյալ դիրքորոշում չի ներկայացվել։ Երբ դատավարական գործընթացը տեղի է ունենում օրենքի խախտումներով և դատարանը չի ապահովում անաչառ դատարանի կարգավիճակ՝ տեղի է ունենում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների 6-րդ հոդվածի խախտում»,- հայտարարեց Օրբելյանը։
Պաշտպանը նշեց, որ ենթադրաբար նկարագրված արարքը չի հաստատում, որ կատարվել է Հրայր Թովմասյանի կողմից։ Նրա խոսքով՝ մեղադրանքի մեջ որոևէ արարք նկարագրված չէ։
«Գործում Հրայր Թովմասյանի մասին ձևակերպումներ չկան, այլ կան ընդամենը որակումներ, որի տակ արարք նկարագրված չէ։ Բայց հետագայում կներկայացնեմ, որ այն, ինչ նկարագրված է, թե ենթադրաբար կարող էր դիտվել օրինախախտում, չի կատարվել Հրայր Թովմասյանի կողմից և չի հաստատվում սույն քրեական գործի շրջանակներում: Հրայր Թովմասյանի մասով եղել է ոչ թե արդար դատաքննություն, այլ գործ «կարել»»։
Օրբելյանը նաև հավելեց, որ նկարագրվածը չի համապատասխանում մեղադրանքում ներկայացվեծ հոդվածին: