29/08/2024 12:59
««Սպայկան»» քանդում է ոլորտը. արտահանող բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
Այս պահին արտահանող բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Չարբախում։ Նրանք բողոքում են, որ «Սպայկա» ընկերությունը փորձում է, ոլորտում մենաշնորհ հաստատելով, դուրս մղել անհատ վարորդներին, այդ պատճառով սկսել է արտոնյալ պայմաններում համագործակցել արտերկրի բեռանփոխադրողների հետ։
«Վարկով մեքենա ենք առել, որ ընտանիք պահենք, բայց «Սպայկան» է քանդում ոլորտը, չի թողում, որ ոչ մի մասնավոր վարորդ աշխատի՝ առանց իր թույլտվության, հիմա էլ սկսել է համագործակցել արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ՝ մեզ շուկայից դուրս մղելու համար»,-«Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցը։
Ցուցարարների պնդմամբ, օրենսդրական կարգավորումների բացակայության և «Սպայկայի» մենաշնորհ հաստատելու պատճառով 800 անհատ վարորդ կանգնել է հացի խնդրի առաջ։
««Սպայկան» հարկային արտոնություն է ստանում, այլ երկրների բեռնափոխադրողները հարկ չեն տալիս, բայց պետությունը մեզ քամում է»,-նշում էին բողոքի դուրս եկած քաղաքացիները։
Նրանք պահանջում են հավասար մրցակցության պայմաններ հաստատել և օրենսդրական կարգավորումներ նախաձեռնել՝ ոլորտը կանոնակարգելու համար։