29/08/2024 10:55
Դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 218 մլն դրամ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
17 անշարժ գույք.
1 տրանսպորտային միջոց.
2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը: