29/08/2024 21:16
Ինդոնեզիայի նախագահը պատրաստվում է Հռոմի պապի հետ քննարկել Ուկրաինայում ու Գազայում ընթացող հակամարտությունները
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ասել է, որ պատրաստվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ քննարկել միջազգային խնդիրները և հակամարտությունները Ուկրաինայում և Գազայի հատվածում, հայտնում է ինդոնեզական Jakarta Globe-ը։
Հռոմի Պապը, ըստ պարբերականի տվյալների, Ինդոնեզիա է այցելելու սեպտեմբերի 4-6-ը։
«Առաջին հերթին կկենտրոնանանք աշխարհին հուզող հարցերի վրա։ Մեզ համար շատ կարևոր է Հռոմի Պապի հետ քննարկել դրանք։ Մենք ձգտում ենք, որ խաղաղություն հաստատվի բոլոր հակամարտությունների գոտիներում, որոնք կան աշխարհում, ներառյալ՝ Գազայի հատվածում, Ուկրաինայում ընթացող հակամարտությունները»,- ասել է Վիդոդոն։
Նշենք, որ Սուրբ Աթոռի քարտուղարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Հռոմի Պապը Ասիայի երկրներ է այցելելու, այդ թվում՝ Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր։ Այցը կտևի սեպտեմբերի 2-ից 13-ը։