29/08/2024 15:39
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ աշնանային զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա զորավարժությունները, որոնք տեղի կունենան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում, ուղղված չեն երրորդ երկրների դեմ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ի զորքերի (Հավաքական ուժերի) հետ նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են հավաքական հիմունքներով կազմակերպության անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը, լիովին համապատասխանում են միջազգային նորմերին և ուղղված չեն այլ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Անդրեյ Սերդյուկովը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղզստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժություններին որպես դիտորդներ հրավիրվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետությունների՝ Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Ուզբեկստանի Հանրապետության, ՄԱԿ-ի քարտուղարության, Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի և Հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչներ: