29/08/2024 14:30
Ներկայացվել է վերաքննիչ բողոք․ կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ներկայացրել են վերաքննիչ բողոք։ Պահանջում են կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
«Ինչպես արդեն հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր պատժի կրումից։
Այսպիսի դատավճիռը հանրության համար դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայնորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ ձևով կվկայի, որ մեղսագրված արարքը իրավաչափ է։
Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը ձախողված մեղադրանքներով մեղավոր ճանաչվի։
Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։
Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»,-գրել է նա։