29/08/2024 09:45
«Հրապարակ». Ագրարային համալսարանում կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն և վարչապետը հաստատել են խորհրդի կազմը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի դասախոսները պարզել են, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում՝ Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը և Թոռնիկ Ալիյանը: Առաջին երեքն ամբիոնների վարիչներ են, վերջինը՝ ուսխորհրդի նախագահը: Ըստ համալսարանի կանոնադրության՝ ամբիոնների վարիչները և ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի գիտական խորհրդի անդամ են: Իսկ կանոնադրության 26-րդ կետով՝ հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:
Այսինքն` գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձու: Սակայն 2018-ից մինչ օրս ուսխորհրդի նախագահը և ամբիոնների վարիչները ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ են, այլ նաև ընդգրկված չեն գիտխորհրդի կազմում: Ստացվում է, որ կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն և վարչապետը հաստատել են խորհրդի կազմը»։