29/08/2024 12:07
Այ, երբ ես Հովհաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի, ինչը սահմանում է Քրեական դատավարության օրենսգիրքը. Օրբելյանը՝ դատարանում
Այսօր շարունակվում է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:
«Հրայր Թովմասյանին ասել եմ, որ դատարանից էլեկտրոնային նամակ են ուղարկվելու, որպեսզի նա մասնակցի դատական նիստին, ավելի գործառույթ իրականացնելու իրավունք չունեի», - ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստի մեկնարկին հայտարարեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա ենթադրում է, որ Թովմասյանը, հավանաբար, էլեկտրոնային նամակը չի ստացել, այդ պատճառով էլ չի ներկայացել նիստին։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, թե դատարանը Հրայր Թովմասյանին հնարավորություն էր տվել մինչև դատարանից հեռացման դատական սանկցիայի ժամեկտի ավարտը ներկայանալ նիստին, որի ժամանակ կքննարկվեր նրա մասնակցության վերականգնման հարցը, բայց Թովմասյանը չի ներկայացել դատական նիստին։
Արամ Օրբելյանն էլ նշեց, որ իր միջնորդությունները ժամանակին դատարանը թողել է առանց քննության և ինքը ստիպված իր պաշտպանական ճառում է դրանք ընդգրկել։
Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց՝ այսօր դատական նիստն ընթանալու է մինչև աշխատանքային օրվա ավարտը և նպատակ ունի պաշտպանական կողմի չարաշահումները կանխել։
Օրբելյանը հայտնեց, որ նախկինում ծանուցվել էր, որ մինչև 14։00-ն է նիստը կայանալու, բայց հիմա որոշում է փոխվում և ինքը չի կարող 14։00-ից հետո շարունակել մնալ դատարանում, քանի որ այլ գործերով ծանրաբեռնված է։
«Դուք որոշեցիք, որ ես չարաշահում եմ, եթե ես չարաշահում եմ, ապա օրենքը շատ հստակ սահմանել է, որ այդ դեպքում Դուք ինձ արգելում եք։ Այ երբ որ ես Հովհաննես Թումանյանի հեքիաթը կարդամ, նոր չարաշահում կլինի, ինչը սահմանում է Քրեական դատավարության օրենսգիրքը»,-ասաց Օրբելյանը։