29/08/2024 19:06
«Մետրոյի «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանների շինարարության աշխատանքներին մեծ աջակցություն է ցուցաբերում Տիգրան Ավինյանը»․ Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը գոհ է
Երևանի մետրոպոլիտենը մամլո հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Օգոստոսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտիի գլխավորած պատվիրակությանը եւ «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանին:
Հանդիպման սկզբում Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։
1981 թվականից շահագործման հանձնված Երեւանի մետրոպոլիտենը երբեք կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Չնայած պետության աջակցմամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ՝ ժամանակակից տեխնոլոգիաներ եւ տեխնիկական միջոցներ ձեռբերելու համար, որոնք կնպաստեն էլ ավելի անվտանգ ու ապահով դարձնել ստորգետնյա տրանսպորտը։
Ասիական Զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտն իր խոսքում նշեց, որ Ասիական Զարգացման բանկը խոշոր գործընկեր է հատկապես տրանսպորտի ոլորտում եւ պատրաստ է համագործակցության։
Դոն Լամբերտն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի, կվերլուծի ու կներկայացնի մետրոյի վերազինման ու վերակառուցման վերաբերյալ բոլոր առաջարկներն ու աշխատանքային առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց նոր կառուցվող «Աջափնյակ» եւ նախատեսվող «Սուրմալու» կայարանների շինարարության հետ կապված ծրագրերը, որի աշխատանքներին, ինչպես նշեց Բաբկեն Սեդրակյանը, մեծ աջակցություն է ցուցաբերում Երեւանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տիգրան Ավինյանի։
ԴԵՊՈ-ի վերազինման, արդիականացման ու նորոգման ծրագրերին Բաբկեն Սեդրակյանը Դոն Լամբերտիին եւ Անետա Բաբայանին ծանոթացրեց հենց ԴԵՊՈ-ի տարածքում, որտեղ հյուրերին ներկայացվեց վերջին տարիներին կատարված աշխատանքները։
«Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մետրոյի հետ կապված իրենց ծրագրերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դոն Լամբերտին հույս հայտնեց, որ սկիզբ կդրվի նոր եւ շարունակական համագործակցության:
Հանդիպումն անցավ ջերմ եւ աշխատանքային մթնոլորտում»։