30/08/2024 20:45
ՄԱԿ-ը քննադատել է Թալիբանին, Թալիբանն էլ՝ ՄԱԿ-ին․ Տարբեր կարծիքներ ունեն՝ կարելի՞ է երգել կանանց, թե՞ ոչ
Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը կտրականապես մերժել է ՄԱԿ-ի քննադատությունը՝ վերաբերող օրերս իրենց կողմից ուժի մեջ մտցրած օրենքին, որով աֆղանստանցի կանանց արգելվում է երգել կամ բարձրաձայն ընթերցել, ասմունքել հանրային վայրերում, առանց դեմքն ու մարմինը ծածկող զգեստի դուրս գալ փողոց և առանց իրենց հետ ազգակցական կամ ամուսնական կապ ունեցող տղամարդ ուղեկցողի օգտվել հանրային տրանսպորտից։
«Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը չպետք է Աֆղանստանը համեմատի Արևմուտքի, արևմտյան գաղափարախոսության հետ։ Ցանկացած ոք, ով քննադատում է շարիաթի օրենքը, քննադատում է իսլամը»,- հայտարարել են թալիբներն ու նշել նաև, որ իրենց նոր օրենքը քննադատության ենթարկելու պատճառով այլևս չեն համագործակցի ՄԱԿ-ի՝ վերը նշված կառույցի հետ՝ «նրանց կողմից մշտապես շարունակվող կեղծ քարոզչության պատճառով»։
Թալիբները մյուս միջազգային կազմակերպություններին էլ կոչ են ուղղել՝ պահանջելով հարգել «մուսուլմանների կրոնական արժեքները»։
«Մենք հավատում ենք, որ այս նոր օրենքը շատ օգտակար է»,- նշված է թալիբների հայտարարությունում։
Հիշեցնենք՝ Թալիբանի՝ 35 հոդվածից բաղկացած նոր օրենքով պահանջվում է, որ կանայք պետք է անպայման կրեն հիջաբ, որը քողարկում է դեմքն ու մարմինը՝ «գայթակղություն չառաջացնելու համար»։ Կանանց արգելվում է նաև հրապարակային ելույթ ունենալ, երգել կամ հասարակական վայրերում բարձր ձայնով խոսել։
Կանանց օրենքով արգելվում է նաև նայել այն տղամարդկանց ուղղությամբ, որոնց հետ նրանք չունեն արյունակցական, ազգակցական կամ ամուսնական կապ։
Օրենքով տաքսիների և հասարակական տրանսպորտի վարորդներին արգելվում է կանանց տեղափոխել՝ առանց նրանց տղամարդ ազգականների կամ ամուսինների ուղեկցության։
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանց արգելվում է կրել փողկապներ։ Օրենքով սահմանվել է նաև, թե ինչ երկարության մորուք տղամարդիկ իրավունք ունեն աճեցնել։