30/08/2024 13:35
Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին բանտարկել են ճաղավանդակներով սենյակում, ծաղրել են. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան այսօր գրություն է ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում «ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ»:
Պատգամավորը տեղեկացնում է, որ մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:
«Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելուն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։
Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիներն ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց ՀՀ-ում գտնվող Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն՝ քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:
Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.
Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:
Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան կատարվածի առնչությամբ:
Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:
Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ»: