30/08/2024 19:10
«Պապիկի արձանը պետք է կանգնեցնել», «Բացում էին սառնարաններն ու խնձոր ման գալիս»․ Ի՞նչ են պատմում շենքի բնակիչները՝ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելուց հետո կատարվածի մասին
Օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։
Արդյունքում գործի են անցնում իրավապահները Ռուբինյանց 2/2 շենքում, և սկսվում է խուզարկություն։
Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվում է 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։
Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարում է, որ Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահում են տեղում՝ մինչև առավոտյան 07։00-ն։
Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։
Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Armlur.am-ը Ռուբինյանց 2/2 հասցեում նկարահանումներ է իրականացրել։ Դեպքից օրեր անց էլ բակում կատարվածից վախեցած բնակիչներից շատերը հրաժարվել են խոսել տեսախցիկի առաջ, սակայն կիսվել են ապրումներով։
ArmLur.am-ին հայտնի է դարձել նաև, որ Ալբերտ Առստամյանը ցուցմունք է տվել և ասել․ «Ինչ արել եմ, լավ եմ արել»։