30/08/2024 19:44
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ անգամ նույն օդը չենք ցանկանում շնչել․ Իրենք մեղավոր են,ու վե՛րջ․ Զոհված զինծառայողի մայր
Փաշինյանն ու իր կինը հատկապես 44-օրյա պատերազմի ստորացուցիչ ծրագրված պարտությունից, Արցախի հանձնումից հետո և հիմա լծվել են իրենց անձնական փիառին՝ ինքնագովազդին, քանի որ հստակ գիտեն՝ ինչպես է վերաբերվում հատկապես հայաստանցիների մեծամասնությունն իրենց: Այդ իսկ պատճառով ամենանողկալի տեսարաններն են բեմականացնում՝ դրանցում ներքաշելով զոհվածների ընտանիքներին, երեխաներին, գրել է 168․am-ը։
Երեկ օրինակ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որով ներկայացնում է, թե ինչպես է ընդունել անհետ կորած երեք զինծառայողների մայրերին։
«Մայրերն ինձ հետ կիսեցին իրենց հույզերն ու ապրումները»,-տեսանյութին կից գրել էր Աննա Հակոբյանը։
Բացի այդ, Աննա Հակոբյանի էջում տեղադրվել էր նաև պատերազմում անմահացած տղաների երեխաների հետ հանդիպման տեսանյութ, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակում» գրված էր, թեր «Երեխաներն իրենք են խնդրել, որ Աննա Հակոբյանը ներկա լինի իրենց միջոցառմանը»։
«Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանը 168․am-ի հետ զրույցում շեշտել է՝ զոհված տղաների ծնողները պետք է պահանջեն պատժել իրենց որդիների զոհվելու պատճառ դարձած անձին՝ Նիկոլ Փաշինյանին։
«Չեմ ուզում որևէ վիրավորական խոսք հնչեցնել այն ծնողների հասցեին, որոնք հանդիպումների մեջ են Աննա Հակոբյանի հետ, պարզապես ուզում եմ ասել, որ պետք է պահեն իրենց արժանապատվությունը։ Ոչ թե պետք է ընկնեն նրա հետևից, այլ պետք է պահանջեն պատժել իրենց որդիների զոհվելու պատճառ դարձած անձին՝ Նիկոլ Փաշինյանին։ Սա մենք չենք ասում, Նիկոլ Փաշինյանն է ինքնախոստովանական ցուցմունք տվել ԱԺ-ում՝ ամբիոնից, ինքն իր բերանով ասել է, որ ինքը չի կանգնեցրել պատերազմը, որովհետև եթե կանգնեցներ՝ «ունենալու էինք նույն ելքը, սակայն առանց զոհերի»։ Իմ գաղափարակից ոչ մի ծնող պատրաստ չէ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ անգամ նույն օդը շնչել։ Աննա Հակոբյանի կողմից երբևէ մեզ հանդիպման առաջարկ չի եղել, լինելու դեպքում էլայն մերժվելու էր։ Իրենք մեղավոր են ու վե՛րջ»,-ասել է Արուս Հարությունյանը։
Նա ընդգծել է՝ պատերազմում 5000 զոհի արյունը այդ երկու անձանց՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վրա է։
«Ով հասկանում է՝ արդեն հասկացել է։ Զոհվածների վրեժխնդիր հարազատները միշտ էլ պատրաստ են պայքարելու։ Այն, որ քիչ ենք, թիկունք չունենք՝ փաստ է, ազգը քնած է, թե մինչև երբ ենք քնելու՝ չգիտեմ։ Ինչը մեր տղաներն են արել, մենք հիմա պետք է շարունակենք, մենք վրեժ ունենք։
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «մեկ հոգի սպանողը մարդասպան է, մի քանի հարյուր հազարին սպանողը՝ զորավոր», նա տղաներին սպանել է՝ իրեն զորավոր հռչակելու համար։ Երբ 5000 զոհվածների ծնողները հասկանան սա, այդ ժամանակ կհամախմբվեն։ Իսկ պայքարող ծնողները մինչև մահ ու գերեզման պայքարելու են, մենք այդ անձի պատիժը պետք է տեսնենք ու տեսնենք մեր հայրենիքն ամբողջական։ Այս իշխանության վերջը մոտիկ է, ինքը չի կարող այս ճանապարհով երկար իշխանության մնալ»,-եզրափակել է Արուս Հարությունյանը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում