30/08/2024 16:26
Պարեկը մեքենայում հայտնաբերել է ոսկեջրած ատրճանակ, որը վարորդը ստացել է Արցախի նախագահից. կասկածյալը ձերբակալվել է
Պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով՝ ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ եղել են 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:
Ավտոմեքենայի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Խորեն Ա.-ն է, քննիչի որոշմամբ, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կայքի տեղեկություններով՝ նշված զենքը եղել է ոսկեջրած, և այն Խորեն Ա.-ին է տրվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից: