30/08/2024 14:49
«Իմ թղթերն ուղղակի չվերցրին». արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ․ Ահազանգ (Տեսանյութ)
Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք ահազանգում են՝ տարբեր դեսպանատներ, այդ թվում՝ Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի, հրաժարվում են մուտքի արտոնագրեր տալ կամ նույնիսկ ընդունել իրենց դիմումները։ Դեսպանատները որպես մերժման պատճառ նշում են այս անձանց տրված հայկական անձնագրերի «070» ծածկագիրը։
Տեղահանված արցախցի Լիզա Մաթևոսյանը ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 070-ը Ստեփանակերտի անձնագրային ծառայության ծածկագիրն է։ Մինչ բռնի տեղահանումը՝ այդ ծածկագրով անձնագրերը տրվում էին բացառապես Ստեփանակերտում։
Նա նշեց, որ Լիտվայի դեսպանատուն է դիմել ու այնտեղ իր թղթերը ուղղակի չեն վերցրել՝ հիմք ընդունելով 070-ը։
«Պարզաբանում են տվել, որ Լիտվայի ԱԳ նախարարությունը նման որոշում ունի, ստացվեց, որ իմ թղթերն ուղղակի չվերցրեցին, որ քննարկեն՝ վիզա տա՞ն, թե՞ չտան»,-ասաց նա։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ 2024-ի սկզբին այդ խնդիրը, կարծես, չկար, մարտից արդեն դեպքերը սկսեցին արձանագրվել։
Ստեփանյանն ասաց, որ կան դեսպանատներ, որոնք առանց խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը Ֆրանսիայի դեսպանատան մասին է։ Կան դեսպանատներ, որ երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում, օրինակ՝ Գերմանիայի դեսպանատունը մերժել է, բայց հրավիրող կողմը, երբ դիմել է հենց դեսպանատուն, անձին կանչել, տրամադրել են։ Կան դեսպանատներ, որ որևէ ձևով չեն էլ ընդունում թղթերը, անգամ, եթե հրավերն ուղարկվում է դեսպանատուն։ Դրանց շարքում են Լեհաստանը, Լիտվան, Չեխիան, նաև Մոսկվայի, Իսպանիայի հյուպատոսությունից են նման մերժում ստացել։
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ հարցը բարձրաձայնել են և տարբեր աղբյուրներից ստացել են տեղեկություն, որ հարցը քննարկվել է և որոշվել է, որ պետք է ընթացքավորել և խտրականություն չցուցաբերել, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ։
Նա օրինակ բերեց, որ ԱՄՆ դեսպանատնից, օրինակ, որևէ խտրական վերաբերմունք չի եղել։
Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանն էլ նկատեց՝ խտրականությունը ցուցաբերվում է ծագման հիմքով։
ՀՀ ԱԳՆ-ից նշել են, որ հարցը գտնվում է ԱԳՆ ուշադրության ներքո և քննարկվում է համապատասխան գործընկերների հետ։ Այս պատասխանը, ըստ Բեգլարյանի, խուսափողական և վիրավորական է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։