31/08/2024 15:38
Եթե Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից, ապա ՀՀ-ն ինչու՞ չի կարող նույնն անել Ֆրանսիայից. Փաշինյան
Մեզ քննադատում են նրա համար, որ, օրինակ, Ֆրանսիայի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, որ Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, և Ադրբեջանում խոսում են, որ արտատարածաշրջանային երկրները զինում են Հայաստանին՝ նկատի ունենալով Ֆրանսիային, ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Բայց, հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է և մենք այդ տեղեկությունը գիտենք, որ, օրինակ, Ադրբեջանը զենք է ձեռք բերում Իտալիայից։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել Իտալիայից, իսկ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Ֆրանսիայից: Ադրբեջանը զենք է ձեռք բերում Պակիստանից։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է դա անել, իսկ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել Հնդկաստանից:
Ասում են՝ ԵՄ-ն զինում է Հայաստանին, սակայն Ադրբեջանը միևնույն ժամանակ զենք է բերում Սերբիայից, Բուլղարիայից, ԵՄ երեք անդամ երկրներ ռազմատեխնիկական համագործակցություն ունեն Ադրբեջանի հետ: Ադրբեջանն ահռելի մեծ ծավալներով զենք է ձեռք բերում Իսրայելից»,-շեշտեց նա: