31/08/2024 12:52
Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ՝ երկկողմ հանդիպում տեղի ունենա. ասել եմ, որ դա կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանին. Փաշինյան
Խաղաղության գործընթացում մենք մեր բոլոր միջազգային գործընկերների դերակատարությունը գնահատում ենք բարձր, հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը:
Նա նաև ավելացրեց, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով .
«Կարող ենք ասել, որ այդ ձևաչափը որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ հաշվի առնելով նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունը, ապրիլի 19-ի հայտարարությունը, երեկ էլ սահամանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը ստորագրվեց: Պետք է կողմնորոշվենք այս հարցում, քանի որ ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով և քանի դեռ կարող ենք դրանով առաջ գնալ, ճիշտը դա է։ Ես այդ մասին ուղիղ ու անկեղծ ասել եմ ՌԴ նախագահին՝ մեր վերջին հեռախոսային զրույցի ընթացքում»:
Փաշինյանը, սակայն, շեշտեց, որ չի բացառում երկկողմ ձևաչափով աշխատանքներից բացի, նաև այլ ձևաչափերով աշխատելը.
«Ամեն դեպք առանձին վերցրած ժամանակաշրջանում, առանձին հարցի համատեքստերում պետք է դիտարկել: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի ժամանակ փորձ արվեց տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ն հրաժարվել է հանդիպումից։ ՀՀ-ն չի հրաժարվել հանդիպումից։ Ես ինքս Ադրբեջանի նախագահին առաջարկել եմ, որպեսզի երկկողմ հանդիպում տեղի ունենա: Դա կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանին, այնտեղ, որտեղ սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպում։ Ես պատրաստ եմ նաև այդպիսի շփումների: Ինչ վերաբերում է եռակողմ շփումներին, ապա տվյալ ժամանակաշրջանում, տվյալ իրադրության մեջ պետք է դրա նպատակահարմարությունը գնահատվի»: