31/08/2024 13:23
Մենք պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը. Փաշինյան
Եթե ՀՀ-ն մտադրություն ունենա հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ապա այդ մասին Երևանը կհայտարարի, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9–ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ ամբողջականության մեջ, այդ թվում` գերիների, պատանդների համատեքստում:
«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով, սակայն տարածաշրջանի կոմունիկացիները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` ՌԴ մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։ ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել այդ հայտարարությանը:
Կարող եմ ասել, որ այդ մեկնաբանությունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին, որոնց մասին մի քանի անգամ խոսել եմ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ՀՀ-ն ոչ միայն սաբոտաժ չի անում, այլ դրանով շահագրգռված է և այդ ծրագիրը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այդ գործընթացը պատրաստ ենք սկսել հենց վաղը: Մենք պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը», - հայտարարեց Փաշինյանը։