31/08/2024 19:18
Ադրբեջանն իր արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Ադրբեջանն իր արտգործնախարարության մամուլի խոսնակի մակարդակով արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։
Նշել են, թե պնդումը, որ իրենց սահմանադրությունում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, «չի համապատասխանում իրականությանը»։ Կրկնել են իրենց թեզը, թե Հայաստանի սահմանադրությունում են զետեղված «Ադրբեջանի տարածքի» նկատմամբ «պահանջներ»։
«Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության, 1991 թվականի՝ Պետական անկախության մասին սահմանադրական ակտում և 1918 թվականի Անկախության հռչակագրում, որոնց հղում է անում Ադրբեջանի սահմանադրությունը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ հավելելով, թե «պատմական փաստ» է հանդիսանում այն, թե «ինչ տարածքներ են եղել Ադրբեջանի կազմում»՝ առաջին հանրապետության օրոք և թե «երբ են դրանք ներառվել Հայաստանի կազմում»։
«Դա չի նշանակում, որ այժմ Ադրբեջանի օրենսդրությունում տարածքային նկրտումներ կան Հայաստանի նկատմամբ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը։