31/08/2024 09:49
«Հրապարակ». Սյունիքի ՔՊ-ականները կհասցնե՞ն մինչև սեպտեմբերի 15-ը ձևավորել Կապանի ՔՊ խորհուրդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի ՔՊ-ականների շրջանում իրարանցում է, մինչև սեպտեմբերի 15-ը պետք է ձևավորվի Կապանի ՔՊ խորհուրդը, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լուծարվել է հունիսին:
Հիշեցնենք. Սյունիք այցի ընթացքում Փաշինյանը պարզել էր, որ Կապանի կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ներկուսակցական թշնամանք, բամբասանք, իրար տակ փորել, և այդ մթնոլորտում հնարավոր չէ ռեյտինգ ունենալ։ Նա նկատողություն էր տվել ՔՊ-ական պատգամավորներին, իսկ կառույցի ղեկավար Նարեկ Դավթյանին անգամ ցանկացել էր կուսակցությունից հեռացնել, բայց մարզպետի խնդրանքով չէր արել:
Հիմա Սյունիքում զրոյից կառույց են ստեղծում` Փաշինյանը մտադիր է անձամբ մասնակցել խորհրդի ձևավորման ընտրություններին, որպեսզի չկրկնվի նախորդի պատմությունը, երբ պարզվեց, որ ընտրակեղծիքներ են կատարվել: Սյունիքում նախորդ ընտրությունները, ի դեպ, համակարգել են կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Արսեն Թորոսյանը, հիմա Փաշինյանը որոշել է անձամբ վերահսկել»։