02/09/2024 20:08
Արցախի հարցը մեզ համար փակված չէ․ Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի անկախության 33-ամյակին նվիրված «Վերադարձ» միջոցառմանը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն աղոթք հղեց առ Աստված, որ հայրենիք վերադառնան ադրբեջանական գերության մեջ գտնվողները, նաև Արցախի անկախ Հանրապետության խորհրդանիշներ հանդիսացող պետական ու ռազմական այրերը։
«Արցախը համայն հայության խաչն է»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը և միասնականության կոչ ուղղեց հայությանը։
«Մեզ համար Արցախի հարցը բնավ փակված չէ։
Ազգային ու հասարակական-քաղաքական բոլոր ուժերի պարտականությունն այսօր պետք է լինի Արցախի ժողովրդի՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի իրավունքն ապահովելը։
Արցախցի մեր քույրերն ու եղբայրները չպետք է մեկ վայրկյան իսկ իրենց Մայր հայրենիքում զգան որպես օտարներ։
Մեր հորդորն է բոլորին՝ պաշտպան կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին։
Մեր ջանքն ու եռանդը ուղղած պետք է լինի նախևառաջ Արցախի Հանրապետության պետական կառույցների պահպանումը Մայր Հայաստանում»,- ընդգծեց Արցախի թեմի առաջնորդը։