02/09/2024 20:54
Արցախը հանձնվել է Փաշինյան- Ալիև- Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ, Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով արցախահայերին՝ նա շեշտեց՝ թշնամական քարոզչությունն ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ, ցավոք, Հայաստանում, թիրախավորել է արցախցիներին։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել որպես արցախցիների՝ «չպայքարելու» հետևանք։
«Շատ հստակ ուզում եմ ասել՝ դուք չե՛ք պարտվել, դուք դավաճանվել եք։
Արցախը չի՛ ընկել, Արցախը հանձնվել է։
Արցախը հանձնվել է՝ Ադրբեջանի մաս ճանաչվելով, մնալով մենակ։
Արցախը հանձնվել է՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Ռեջեփ Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ։
Արցախցին երեք պատերազմներում կռված, քաջության անպատկերացնելի օրինակներ դրսևորած ժողովուրդ է։ Դուք մեր հայրենիքի սահմանները արյամբ գծած ժողովուրդ եք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց նաև՝ այսօր պահն է վերաիմաստավորելու մեր մոտեցումները և գտնելու վերականգնման ուղիները։