02/09/2024 10:16
Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը. Վեհափառ Հայրապետ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության առիթով։
«Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է:
Արցախի բռնազավթման և ամբողջական հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել պատմական այս օրը, քանզի Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։
Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը և չի կարող խլացնել արդարության ձայնը: Մենք հավատում ենք, որ պատմական մեր հիշատակները և մեր նախնյաց սխրանքները զորացնելու են մեզ և մեր ժողովուրդը հավատով ու հույսով հաղթահարելու է պատերազմի աղետալի հետևանքները, հայրենասեր ու ազգանվեր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը:
Արցախի Անկախության օրվա հիշատակումը ևս մեկ պատգամ է մեր ժողովրդին և մարդասիրության բարձր արժեքների ջատագով միջազգային հանրությանը՝ գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության:
Նվիրական այս օրը մեր սրտաբուխ աղոթքը բարձրացնենք առ Աստված հանուն Արցախի ազատագրության ու պաշտպանության իրենց կյանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպես և Տիրոջ օգնականությունը հայցենք Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարված մեր բոլոր զավակների շուտափույթ ազատ արձակման համար:
Թող Երկնավոր Տերը միշտ առկայծ պահի մեր ժողովրդի զավակների հոգիներում սերն ու հավատարմությունը հանդեպ հայրենի երկիրը, խաղաղություն ու մխիթարություն սփռի հայրենական մեր կյանքում և դեպի լուսավոր ու հաղթական հանգրվաններ առաջնորդի համայն ազգիս: Ամեն»,- ասվում է ուղերձում։