02/09/2024 13:10
Արցախահայության վերադարձի իրավունքի թեման որպես առաջնահերթություն պետք է օրակարգ մտցնել. Արցախի ՄԻՊ
Արցախի ժողովրդի՝ Արցախում ֆիզիկական գոյության միակ և օրինական ճանապարհը՝ ինքորոշված Արցախի ճանաչումն է. Արցախի անկախության օրը Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Այս պահին առաջնահերթություն որպես այդպիսին հռչակում ենք վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը, հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ»,-ասաց նա։
Ստեփանյանը շեշտեց. «Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման ուղղակի անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրում չէինք ունենա դատարկված Արցախ»։
Անդրադառնալով ռազմագերիների և պատանդառված անձանց հարցին, Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ հարցը և՛ քաղաքական, և՛ իրավական դաշտում է։ «Բայց եթե իրավական առումով ձեռնարկվել են գործողություններ, նույն ՄԻԵԴ-ի միջոցով անձանց առողջական վիճակի մասին տեղեկություն իմանալու և այլն, ապա քաղաքական հարցում խիստ պասիվություն կա»,-ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը նշեց, որ վարչապետ Փաշինյանի ասուլիսի ժամանակ խոսվել էր, որ գործողություններ կան, որոնք տեսանելի չեն։ «Բայց ես որքանով գիտեմ, այդ գործողություններն անգամ հարազատները չեն տեսնում։ Հույս ունենք իրապես գործողություններ կան՝ օր առաջ ազատ արձակելու և հայրենդարձնելու ուղղությամբ։ Բայց նաև պետք է պահանջատեր լինենք, եթե կան աշխատանքներ, դրա մասին հարազատները և հանրությունը պետք է տեղեկացված լինեն»,-ասաց նա։