02/09/2024 15:22
Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Նիկոլոզ Սամխարաձեն՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Կողմերը քննարկել են նաեւ հայ-վրացական օրակարգին վերաբերող եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր: