02/09/2024 12:22
Արցախի էջը փակված չէ, կվերաբացվի, երբ կփակենք գործող իշխանության էջը. Չալաբյան
Արցախի Հանրապետության հռչակման 33-րդ տարեդարձն է, և այստեղ խորհրդանշական բան կա. Արցախը փաստորեն խաչի վրա է, խաչված է. Եռաբլուր պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա ասաց, որ Արցախին, ինչպես Քրիստոսին զոհաբերեցին բոլորը միասին։
«Արցախին զոհաբերեցին և՛ թուրքերը, և՛ ադրբեջանցիները, և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՌԴ իշխանությունները, և՛ Արևմուտքը, բոլորն աչք փակեցին»,-ասաց նա։
Նա նշեց, որ բոլորը մտածում էին, որ եթե Արցախում հայեր չլինեն, խնդիրը լուծված է լինելու. «Ո՛չ, չի լուծվելու, չի վերջանալու, խնդիրը նորից կլուծվի, եթե Արցախը վերահայացվի, երբ նորից դառնա հայկական և Արցախի հայ բնակչությունը կարողանա արժանապատիվ ապրել հայրենքում»,-ասաց նա և նշեց, որ այդ իրավունքի համար պետք է պայքարել, հակառակ դեպքում քեզանից այդ իրավունքը կխլեն։ Իսկ եղած պայքարը պարզվեց, որ բավարար չէր։
«Այս իշխանության պարագլխի շուրթերով ասվում է, որ Արցախի հարցը պետք է փակել, վերադարձն անհնար է և նույնիսկ ՀՀ-ի շահերից չի բխում։ Նա պարտադրել է Արցախը հանձնել և հիմա ուզում է նաև համակերպվենք, որ Արցախի էջը փակված է։ Ո՛չ, չի փակված, կվերաբացվի, երբ կփակենք այս գործող իշխանության էջը»,-ասաց նա։