02/09/2024 10:33
Արցախում պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը հնարավոր է հոգալ միայն արցախցիների վերադարձով. Արցախի թեմի առաջնորդ
Արցախում պատմամշակութային հուշարձանների անվտանգությունը միայն ու միայն կարող է հոգալ արցախի ժողովրդի վերադարձը. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո»ք հոգևոր մակարդակով բարձրաձայնվում են պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրը։
Արցախի թեմի առաջնորդը նշեց, որ Արցախում հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի վարած քաղաքականությանը նոր չէ և եղել է անգամ խորհրդային տարիներին։
«Ադրբեջանը միշտ փորձել և փորձում է Արցախի պատմամշակութային հուշարձանները դարձնել իրենը և կեղծ գործընթացներ էին տեղի ունենում։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության ժամանակ միակ տարածքը, որտեղ չէր գործում որևէ եկեղեցի, Արցախն էր», - ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հավելելով, որ այս ամենի դեմ պայքարի միակ ճանապարհը ԼՂ ժողովրդի վերադարձն է։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է, ինչի կապակցությամբ Արցախի նախագահն ու ղեկավարությունն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։