02/09/2024 21:11
Արցախ վերադարձին պետք է ուղղված լինեն մեր համազգային ջանքերը․ Սաղաթելյան
«Քանի դեռ հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի հարցը ներառված չէ, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվում, իսկ Ադրբեջանի զորքերը՝ Հայաստանի ինքնիշխան տաևածքում, հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել «խաղաղության բանակցություն», սուտ է և կեղծիք։ Դա, ըստ էության, նոր և ավելի խորը կապիտուլյացիայի մասին բանակցություն է»,- Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև արցախցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցն օրակարգային դարձնելու հրամայականին։
«Արցախյան հարցը բանակցություններից դուրս բերելը, Արցախ վերադարձի իրավունքը չքննարկելն է հանգեցրել այն իրականության, որ այսօր տավուշյան առաջին դիրքերից զորքեր են հետ քաշվում և Հայաստանի առջև դրվում են նոր տարածքային պահանջներ։
Արցախ վերադարձի օրակարգը հասկանալի է նաև մեր միջազգային գործընկերներին։ Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությունն է, որ կարող է թույլ տալ՝ իսկապես ունենալ բանակցային օրակարգ, ոչ թե միայն հայկական կողմից զիջումներ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով՝ Արցախ վերադարձին պետք է ուղղված լինեն մեր համազգային ջանքերը։