03/09/2024 15:44
Ընդդիմադիր ուժերը հայ ժողովրդի հետ միասին վերահաստատում են՝ Արցախյան հարցը հայկական օրակարգից դուրս չի եկել. Վահրամ Բաղդասարյան (Տեսանյութ)
Երեկ և այսօր ընդդիմադիր տարբեր ուժեր հայ ժողովրդի հետ միասին վերահաստատում են, որ Արցախյան հարցը հայկական օրակարգից դուրս չի եկել. ՀՀԿ գրասենյակում «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովին հայտարարեց ՀՀԿ նախագահի տեղակալ Վահրամ Բաղադասրյանը։
«Մենք չենք պատրաստվում մոռացության տալ հայ ժողովրդի արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքների հարցերը։ Այն ինչ մեր ժողովուրդը ձեռք է բերել այսօրվա պայքարի հերոս զավակների արյան միջոցով, ինչ մենք պահել ու զարգացրել ենք մինչև 2018թ.-ը, ցավոք այսօր չկա։ Արցախահայությունն իր պատմության ընթացում երբեք չի բռնագաղթվել, սակայն այսօր մենք կանգնել ենք այդ տխուր և դաժան փաստի առաջ, որը հաղթահարելու համար կրկնակի ջանքեր են պետք»,-ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ հրավերի նպատակն արցախցիներին այսօր այն չէ, որ սփոփանքի խոսքեր ասեն, քանի որ սփոփում են անդառնալի կորուստների համար։
«Համաժողովի հիմնական նպատակներից մեկն է, որ ևս մեկ անգամ վերահաստատենք մեր տոկունությունը, լավատեսությունը և միասնականությունը Արցախի վերադարձի հետ կապված»,-ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ որպես պատասխանատու անձինք պետք է ի զորու լինեն ժամանակի ընթացքում ճիշտ կողմնորոշվել։ «Պետք է մեր երկրի համար սահմանել իրական ազգային օրակարգ, դուրս բերել ՀՀ-ն այս վտանգավոր իրավիճակից, և հայկական գործոնը կրկին վերադարձնել տարածաշրջանային օրակարգ՝ ամուր կանգնելով ազգային իղձերի ու շահերի հիման վրա»,-ասաց նա։