03/09/2024 17:47
«Ո՞վ է ասել, որ եթե հակամարտությունը դեռ չէր լուծվել, ձեռքերդ պիտի տնկեիր, ասեիր՝ եկեք, ամեն ինչ տարեք»․ Կարեն Բեքարյանը՝ գործող իշխանության ու Արցախի կորստի մասին (Տեսանյութ)
«Արցախյան համանվագ, ԼՂՀ անկախության հիմնախնդիրը» խորագրով համաժողովին քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանն անդրադարձավ Հայաստանի գործող իշխանությունների կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հասարակությանը տարիներ շարունակ մատուցվող մանիպուլյացիոն թեզերին։ Հասարակության մի մասը, ցավոք, տրվում է դրանց։ Օրինակ՝ այն թեզին, թե նախկին իշխանությունները չլուծեցին հակամարտությունն ու «վատ ժառանգություն» թողեցին ներկա իշխանություններին։
«Աշխարհում կոնֆլիկտներից և ոչ մեկը չի լուծվել ինչ-որ մեկի կողմից նախանշված ժամանակում, և այդ կոնֆլիկտները, եթե համաշխարհային պատմությունն ուսումնասիրենք, անգամ դարեր են տևել։ Դրա վառ օրինակներից են ֆրանս-գերմանականը, շվեդ-դանիականը, ավելի թարմ օրինաակներից՝ Արգենտինա-Բրիտանիա, Ռուսաստան-Ճապոնիա, արաբիսրայելական կոնֆլիկտը և այլն»,- ասաց քաղաքական վերլուծաբանը։
Նա նաև շեշտեց՝ եթե արցախյան հակամարտությունը դեռ չէր կարգավորվել՝ մինչ այս իշխանության գալը, դա չէր նշանակում, որ նրանք իրենց կործանարար քայլերով ամեն ինչ պիտի տանեին կորստյան։
«Իսկ ո՞վ է ասել, որտե՞ղ է որպես դոգմա կամ աքսիոմ գրված, որ եթե հակամարտությունը (արցախյան-խմբ․) դեռ չէր լուծվել, ձեռքերդ պիտի տնկես, սպիտակ դրոշ պարզես։ Ո՞վ է երբևէ ասել, որ որևէ կոնֆլիկտում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ունի կողմը, որն ասում է՝ հոգնել եմ, եկեք, ամեն ինչ տարեք»,- շեշտեց Կարեն Բեքարյանը։
Հանրությունն այս ամենը պետք է գիտակցի ու հասկանա, հավելեց նա։