03/09/2024 09:02
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլևս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, և ոչ մի ուղերձ չի հնչում:
Երեկ Արցախի անկախության հռչակման օրն էր: Տարիներ շարունակ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում այդ օրը տոնական մեծ միջոցառումներ են կազմակերպվել, որոնց պարտադիր կերպով մասնակցել է նաև Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլև իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ:
Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք:
Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում և հարակից տարածքում, իսկ Փաշինյանին և կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաև գերիների ու ռազմագերիների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում