03/09/2024 08:46
«Հրապարակ». Գերխնդիրն արցախցիների իրավունքների և գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ կեսօրին՝ Արցախի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում հավաք էին արել: Իսկ երեկոյան «Հարսնաքարում» Դաշնակցությունը մեծ միջացառում էր նախատեսել։ Նախ՝ Արցախի ԱԺ-ն էր հատուկ նիստ գումարել, որին հրավիրված են եղել նաև Արցախի նախագահը, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները, արցախյան անկախության ակունքներում կանգնած գործիչներ, այլ հյուրեր: Քննարկել են ԱՀ խմբակցությունների երեկվա համատեղ հայտարարության տեքստը։ Ելույթ է ունեցել Սամվել Շահրամանյանը, ասել, որ Եռաբլուրում, մեծ հաշվով, իր հիմնական ասելիքն ասել է, համառոտ ընդգծել է, որ իրենց գերխնդիրն արցախցիների իրավունքների և գլխավորապես վերադարձի իրավունքը վերականգնելն է: Նա թվարկել է բոլոր քայլերը, որոնք այդ ուղղությամբ արվել են, կարևորել է հատկապես Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախմբի գործունեությունը, միևնույն ժամանակ ընդգծել, որ առանց Հայաստանի աջակցության այդ խնդիրը դժվար է լուծել։
Նշենք, որ բոլոր խմբակցությունների անունից երեկ հայտարարություն տարածեցին` կոչ անելով ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՀՀ իշխանություններին, որպեսզի յուրաքանչյուրն իր մանդատի և իրավասության ներքո օրակարգային դարձնի Արցախի ժողովրդի՝ հավաքական կերպով հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը: Հատուկ նիստից հետո ֆուրշեթ է կազմակերպվել, նաև՝ Արցախի անկախությանը նվիրված ցուցահանդես»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում