03/09/2024 15:01
Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է արագացնելու EPPO-ին անդամակցության հարցը. Գևորգ Պապոյան
Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Բույսերի Պաշտպանության Եվրոպական և Միջերկրածովյան կազմակերպության (EPPO) գլխավոր տնօրեն Նիկո Հորնի գլխավորած պատվիրակությանը։
Պարենային անվտանգության, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացման, սննդամթերքի անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության ապահովմանն ուղղված բույսերի պաշտպանության միջոցառումների արդյունավետ իրականացման նպատակով նախարարը կարևորել է Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային Հայաստանի անդամակցումը, ինչպես նաև Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը (European and Mediterranean Plant Protection Organization - EPPO) անդամակցելու հնարավորությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե կառույցին միանալը որքան կարևոր է բուսասանիտարական ռիսկի վերլուծության, ախտորոշման, EPPO տարածաշրջանում բույսերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքների կատարելագործման, տարածաշրջանային ցանցի և համագործակցության ուժեղացման ու ամրապնդման աշխատանքում, Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու և արագացնելու անդամակցության հարցը», -ասել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացվում է պարբերաբար մոնիթորինգ, իսկ առավել վտանգավոր վնասատուների (մորեխներ, մկնանման կրծողներ) դեմ՝ պայքարի միջոցառումներ։ Այս առումով նախարարն առաջարկել է դիտարկել մկնանման կրծողների, լոլիկի ցեցի, բակտերիալ այրվածքի հարուցիչների տարածումն կանխարգելող և դրանց դեմ պայքարի միջոցառումների ժամանակակից և առավել արդյունավետ մեթոդների փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։
Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է իրավական կարգավորումներ՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների շրջանառության փուլերում հետագծելիության ապահովման համար ռեեստրի ստեղծման և վարման աշխատանքներ՝ այս համատեքստում ևս ակնկալելով հնարավոր փոխգործակցություն։