03/09/2024 20:14
Յուրաքանչյուրիս կենսագրությունը, հաղթանակը գողացված է, Եռաբլուրն՝ ընդլայնված․ Բագրատ Սրբազան
«Մենք ապրում ենք գողացված ուրախության և գողացված կենսագրության ժամանակներում։ Ես չեմ պատկերացնում մարդկանց, որոնք անցնելով պատերազմի դաշտով, կհամարեն, որ իրենց կյանքում ոչինչ չի պատահել։ Յուրաքանչյուրիս կենսագրությունը ոչ միայն գողացված է, այլև խոցված»,- Արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բարձր գնահատելով նրանց ու նրանց մարտական ընկերների բերած զոհաբերությունը՝ հանուն հայրենիքի, հայրենի հողի, Սրբազանն ընդգծեց՝ ցավոք, այսօրվա իշխանության օրոք հայրենիքի պաշտպանի արժեքը բարձր չի դասվում։
«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ ընդլայնված Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ հայրենիքի համար պայքարած մարտիկների օրինակը հասարակությանը ծառայեցնելու փոխարեն օրվա իշխանություններն առաջնագծում ծառայելը որպես պատիժ են մատուցում, ոչ թե որպես պատիվ, ուստի անընդունելի այս մոտեցումը վերացնելու համար է նաև այն պայքարը, որն ընթանում է։