04/09/2024 13:43
«Վարչապետն ասել է՝ հնարավոր է». ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի հետ հնարավոր հաղորդակցությունների անվտանգության ապահովումը մասնավոր գործակալություններին պատվիրակելու մասին
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը չի բացառում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը կարող է պատվիրակվել անվտանգության մասնավոր գործակալությունների։
«Այո, վարչապետն ասել է, որ դա հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք։ Այս պահին լրացուցիչ տեղեկություն չկա», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ նման դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։
Անդրադառնալով հարցին, թե հաղորդակցությունների պաշտպանության իրավունքը մասնավոր պահնորդական ընկերությանը տալը չի՞ խախտում արդյոք երկրի ինքնիշխանության սկզբունքը՝ փոխնախարարն արձագանքեց․ «Ոչ»։
ԱԳ փոխնախարարը նշեց, որ սահմանին ներկա կլինեն հայ սահմանապահներն ու մաքսավորները։
Հարցին, թե ինչու են արտապատվիրակում մասնավոր ընկերությանը՝ նա ասաց, թե մինչև այժմ խոսվել է դրա հնարավորության մասին։
Թե ի՞նչ գործառույթ է իրականացնելու ընկերությունը ու ո՞ր ճանապարհներին՝ ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ մանրամասներ չկան դրա հետ կապված»։