04/09/2024 14:18
ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման արձանագրության վավերացմանը ԱԺ հավանություն տվեց
2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության նպատակն է ԱՊՀ իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում:
Կողմերն արձանագրում են փաստաթղթի առաջին հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու եւ հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության երկրորդ հավելվածում թվարկված պայմանագրերն էլ դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջեւ հարաբերություններում արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի կողմից:
Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:
«Արձանագրության նպատակն է Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Կողմերն արձանագրում են արձանագրության թիվ 1 հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու և հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության թիվ 2 հավելվածում թվարկված պայմանագրերը դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև հարաբերություններում` արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից»,-ասաց Մնացական Սաֆարյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ այդ ընթացակարգերն արդեն կատարվել են արձանագրությունը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հիմա վավերացնում արձանագրությունը՝ Սաֆարյանը պատասխանեց, որ հատուկ պատճառ չկա: «ԱՊՀ քարտուղարությունից հարց էր եղել, թե ինչո՞ւ Հայաստանը չի վավերացրել մինչև հիմա: Մեր վարչությունն ըստ իրենց նպատակահարմարության, այսինքն՝ գույքագրման արդյունքում սկսեց արձանագրության վավերացման գործընթացը»,–նշեց նա:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: